Թուրքիան պաշտոնապես առաջարկել է Ստամբուլում անցկացնել ՈՒկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղ բանակցությունների նոր փուլը՝ հաղորդում է Yeni Safak-ը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը TRT համաշխարհային ֆորումի ընթացքում վերահաստատել է երկխոսությանը նպաստելու Անկարայի հանձնառությունը՝ որպես շարունակվող հակամարտության կարգավորման ուղի։               
 

Ես էլ եմ միանում իմ հոգևոր եղբայրների արդար, անձնվեր պայքարին՝ հանուն խաղաղության

Ես էլ եմ միանում իմ հոգևոր եղբայրների արդար, անձնվեր պայքարին՝ հանուն խաղաղության
18.10.2025 | 11:45

Իրապես այսօր մեր երկիրն անցնում է շատ դժվարին փորձություններով և բոլորիս իղձերը կապված են խաղաղության հաստատման հետ: Այս հեռանկարով և պատմության մեջ մնայուն հետք թողնելու ցանկությամբ բավականին լուրջ հայտ է ներկայացրել ՀՀ ներկա վարչակազմը, իսկ նրանց այդ աննախադեպ խաղաղության արշավին համարձակ աջակցություն են հայտնել մի քանի գործող հոգևորականներ և որոշ կարգալույծ հոգևորականներ, որոնց վարքագծի մեջ անգամ նկատելի է մարգարեական ձեռագիր և ձգտում:

Սիրելի գործող ու չգործող հոգևոր հայրեր, դուք իրապես հավատու՞մ եք, որ մեր երկրին կարող է խաղաղություն բերել մի մարդ, ով չի՛ կարողանում անգամ իր ներսում հաստատել խաղաղություն, ով չի՛ կանգնեցրել 44-օրյա պատերազմը, որ իր անունը չարատավորվի...

Քանի դեռ շատ ուշ չէ, բացեք ձեր մտքի աչքերը, և տեսեք, որ սա ընդամենը թուրք-ադրբեջանական տանդեմի տնային հանձնարարականի մի էջն է:

Նրանք անընդհատ հիշեցնում են, որ Հայոց Եկեղեցին խոչընդոտում է իրենց ծրագրերին, որովհետև Վեհափառը շարունակում է խոսել Արցախի և արցախցու մասին, իսկ իրականում Արցախն ընդամենը մի պարան էր մեր երկրի վզին, որից ներկա իշխանությունը հաջողությամբ ձերբազատվեց և ձեր ողորմելի օգնությամբ փորձ է անում ազատվել «վերջին թոկից»:

Քանի ուշ չէ, կանգ առեք, այլապես դուք լավագույն դեպքում կհամալրեք Իսրայելի այն սուտ մարգարեների շարքը, ովքեր օրվա թագավորին ի հաճություն, քարոզում էին մոտալուտ խաղաղության մասին. «Իմ ժողովրդի դստեր վերքը նրանք բուժում էին արհամարհանքով և ասում. «Խաղաղությո՜ւն է, խաղաղությո՜ւն», մինչդեռ խաղաղություն չկար» (Երեմիա, 8:11)

ՈՒստի ես միանում եմ նկարի աջակողմյան իմ հոգևոր եղբայրներին, ովքեր գիտեին, թե ինչպես է հաստատվում իրական ու արժանապատիվ խաղաղությունը և հանուն դրա չխնայեցին իրենց կյանքը:

Տեր Վաչագան քահանա ԳՅՈՒՐՋՅԱՆ

Դիտվել է՝ 1903

Մեկնաբանություններ